Ադրբեջանի կողմից ձևավորվել են հատուկ խմբեր, ում առաջադրանք է տրված՝ հետևել լրագրողների շարժին և հնարավորինս շատ վնաս հասցնել մարտական գործողությունները լուսաբանող լրագրողներին. ԱՀ ԱԳՆ

10:26 • 04.10.20

Արցախի հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքական բաժնի վարիչի և ԱԳՆ խոսնակի մակարդակով հայտարարված՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը լուսաբանող լրագրողներին ուղղված բացահայտ սպառնալիքներից հետո ադրբեջանական բանակը անցել է հստակ գործողությունների՝ թիրախավորելով տեղական, հայաստանյան և միջազգային լրագրողական խմբերին։

Ըստ ունեցած տվյալների՝ Ադրբեջանի կողմից ձևավորվել են հատուկ խմբեր, ում առաջադրանք է տրված՝ հետևել լրագրողների շարժին, թիրախավորել և հնարավորինս շատ վնաս հասցնել մարտական գործողությունները լուսաբանող լրագրողներին։ Լրագրողական խմբերին թիրախային հարվածներ հասցնելու համար հակառակորդը կողմնորոշվում է լրագրողների՝ ռազմական գործողությունները հեռարձակվող տեսանյութերով և ուղիղ եթերներով։ Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ տեղում աշխատող լրագրողներն ունեն համապատասխան «PRESS» |տարբերանշաններով վերնազգեստ, իսկ նրանց տեղափոխող մեքենաներին ամրացված է նույն նշանը։ Ավելին՝ լրագրողները թիրախավորվել են այն ժամանակ, երբ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում էին քաղաքացիական բնակավայրերում, այլ ոչ թե մարտական գործողությունների թեժ կետերում»։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, լրագրողների, այդ թվում՝ նաև օտարերկրյա քաղաքացիների, ֆիզիկական անվտանգությունը և կյանքի իրական ուղիղ սպառնալիքը՝ որոշում է կայացվել վերջիններիս ժամանակավոր տեղափոխել տեղեկատվական նոր կենտրոն, որը գտնվում է ապահով վայրում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 3-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 14 ինքնաթիռ, 123 անօդաչու թռչող սարք, 355 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 2745 զոհ, ավելի քան 4570 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։