Էրդողանի անխոհեմ միջամտությունն էլ ավելի է բորբոքում հակամարտությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև. Washington Post

18:53 • 04.10.20

Խորհրդային Միության փլուզումը հանգեցրել է մի շարք սահմանային պատերազմների Եվրասիայում, որոնցից ամենաարյունալին կենտրոնացած է հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղում:

Այս մասին գրում է Washington Post-ը՝ նկատելով, որ 1994 թվականի հրադադարի կնքումից հետո «սառեցված պատերազմի» գոտում անցյալ շաբաթ կրկին մարտեր են բռնկվել՝ տասնյակ հազարավոր մարդկային կորուստների հանգեցրած պատերազմի վերսկսման, դեպի Եվրոպա էներգետիկ մատակարարումների խանգարման և հարևան գերտերությունների ներգրավման հավանականությամբ:

«Ինչպես միշտ, տարաձայնություններ են լինում, թե որ կողմն է նախահարձակ եղել, սակայն մի բան պարզ է. Ադրբեջանի ինքնակալ ղեկավար Իլհամ Ալիևը հարձակում է սկսել՝ վերադարձնելու տարածքները, որը երկիրը կորցրել է 1990-ականներին, և որ նա դա անում է Թուրքիայի անմիջական աջակցությամբ: Դա անխոհեմ գամբիտ է, որն արտահայտում է ինչպես Միացյալ Նահանգների՝ նախագահ Թրամփի օրոք նվազող ազդեցությունը, այնպես էլ նրա երբեմնի բարեկամ, Թուրքիայի ինքնակալ ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեծացող հավակնությունները»,- գրում է պարբերականը:

Աղբյուրը նկատում է, որ Թուրքիան ժամանակին ՆԱՏՕ-ի վստահելի դաշնակիցն էր, որը հաշվի էր առնում Արևմուտքի ռազմավարական առաջնահերթությունները, սակայն վերջին տարիներին Էրդողանը մտադրություն ունի իր երկիրը վերածել ինքնուրույն աշխարհաքաղաքական գերտերության: Վերջին մի քանի ամսում Անկարան գրոհայիններ և զինտեխնիկա է ուղարկել Լիբիայի քաղաքացիական պատերազմի կողմերից մեկին, պատերազմի վտանգ է առաջ բերել Հունաստանի դեմ:

«Այժմ Էրդողանն ամբողջական աջակցություն է ցուցաբերում ադրբեջանական հարձակմանը՝ միաժամանակ պահանջելով, որ Հայաստանը դուրս գա Լեռնային Ղարաբաղից: Ըստ Ֆրանսիայի և Ռուսաստանի, ինչպես նաև անկախ զեկույցների տվյալների՝ Թուրքիան հարյուրավոր սիրիացի վարձկանների է տեղափոխել ռազմադաշտ»,- գրում է պարբերականը՝ հիշեցնելով, որ թուրքական F-16 կործանիչը հայկական ռազմական ինքնաթիռ էր խոցել երեքշաբթի:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 3-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 14 ինքնաթիռ, 123 անօդաչու թռչող սարք, 355 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 2745 զոհ, ավելի քան 4570 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։