Անհեթեթություն է խոսել բանակցային գործընթացի մասին, որի մեկնակետը կարող է այլ բան լինել, քան Արցախն ամբողջությամբ հայկական տարածք համարելը. Վիգեն Հովսեփյան
Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհրդի նախագահ, քաղաքագիտության ամերիկահայ դոկտոր Վիգեն Հովսեփյանի խոսքով`հայկական կողմը պետք է մնա իր սկզբունքային դիրքերի վրա: Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց` անդրադառնալով այս Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմի արդյունքում մեր անելիքներին: «Եթե հաջողենք պինդ կառչած մնալ մեր հիմնական կեցվածքից, կհաղթի նաև հայկական դիվանագիտությունը»,- ասաց նա:
- Պարո՛ն Հովսեփյան, Հայաստանի և Արցախի գերագույն հրամանատարները հայտարարում են պատերազմի վճռական փուլի մասին և կոչ են անում բոլորին դառնալ զինվոր հաղթանակի: Վարչապետ Փաշինյանն անգամ նշել է, որ մեր նպատակը հենց հաղթանակն է: Ձեր տպավորությամբ` ո՞րն է հայկական կողմի ցանկությունը, ի՞նչ ենք հասկանում «հաղթանակ» ասելով, ի՞նչ սպասել:
-Հայկական կողմի ցանկությունն ու նպատակը ուրիշ բան չի կարող լինել, բացի հաղթանակից: Իսկ հաղթանակ ասելով` պետք չէ այն ամենանեղ իմաստով հասկանալ: Այսօրվա տվյալներով և իրադրությամբ` հայկական կողմն արդեն արձանագրել է հարաբերական հաղթանակ: Պարզ է այն փաստը, որ թշնամին աննախադեպ տարողությամբ և միջոցներով իր գրոհը կատարեց, սակայն ամբողջության մեջ, թե’ իր, թե' թրքական հզոր հնարավորությունները գործի դնելով էլ` ոչ մի ռազմավարական նշանակության հաջողություն չի արձանագրել: Սա արդեն առաջին փուլն է: Պատերազմ է, և սա թեժ պատերազմ է, ուստի, ցավոք, մեծ թվով նահատակներ և կորուստներ են լինելու, և բնականաբար ցնցումների ենք ենթարկվելու: Բայց երբ իրականում սթափ և առարկայական ենք գնահատում իրավիճակը, հասկանում ենք, թե ինչպիսի հաղթանակ արձանագրելու ճանապարհին ենք:
- Միջազգային հանրությունը` գերտերությունների և միջազգային կառույցների ղեկավարները, ամեն պահի կոչ են անում հրադադար հաստատել և անցնել խաղաղ բանակցությունների: Ձեր տպավորությամբ`այդ կոչերը ե՞րբ կարող են ազդեցիկ լինել, ինչպե՞ս Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ:
-Կոչեր միշտ էլ լինում են, բայց բնականաբար այս պահին ավելի իմաստալից ու արժեք ներկայացնողը անմիջական, գործնական քայլերն են: Այս իմաստով, նկատելի են միայն մի քանի ճիգեր: Որպեսզի Ադրբեջանի բռնատիրությունը կանգնեցնի իր հարձակողական գործողությունները, պետք է հասկանա, որ իր կորուստներն ավելի են ռազմի և քաղաքական դաշտերում: Երրորդ դաշտը` քարոզչական դաշտն է, որտեղ, ըստ իս, Ադրբեջանն արդեն ամբողջական պարտություն է արձանագրել և այստեղ հետադարձ կամ վարկի վերականգնում չկա: Հետևաբար, խաղաղությունը միայն կարելի է պարտադրել բռնապետությամբ, և այդպես նրան բերել կառուցողական դաշտ:
- ԱՄՆ նախահագ Դոնալդ Թրամփը ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների մնացած նախագահների հետ համատեղ կողմերին բանակցային սեղան վերադառնալու մասին կոչ է արել: Խնդրին անդրադառնում է նաև ԱՄՆ պետքարտուղարը: Ինչպիսի՞ն է ԱՄՆ դիրքորոշումը հիմա, հնարավո՞ր է` Հարավային Կովկասում բռնկված այս պատերազմն ակտիվացնի նրա ջանքերը հակամարտության կարգավորման գործընթացում:
- ԱՄՆ-ի նախագահի և պետքարտուղարության հայտարարություններն ընթացիկ են, մակերեսային: Դրանց մեջ խորքային ոչինչ չկա: ԱՄՆ-ը պատմականորեն շատ զգուշավոր կեցվածք է որդեգրել Արցախյան հարցերով, քանի որ մի կողմում իր բարեկամ Ադրբեջանն են և ռազմավարական դաշնակից Թուրքիան: Վերջերս, մեզնից անկախ, ԱՄՆ-ի կարևոր շրջանակները փորձում են հեռավորություն պահել Էրդողանից` մտահոգված նրա անհավասարակշիռ արկածախնդրություններից: Այդ զարգացող երևույթը, անկասկած, մեր օգտին է: Կարող եմ շատ պարզ ասել, որ ԱՄՆ-ի հավանական դրական տեղաշարժը պիտի լինի միայն ամերիկահայ համայնքի ճնշումների և քարոզչական ճիգերի արդյունքում: Իսկապես աննախադեպ ճիգեր ենք գործի դրել հատկապես պատերազմի երկրորդ օրից հետո: Կոնգրեսում շատ լուրջ տեղաշարժ կա, և պետքարտուղարության ուղղությամբ հիմա արդեն որոշ հույսեր կան: Այսօր ամբողջ երկիրը և քաղաքական շրջանակները թաղված են նախագահական ընտրապայքարի մեջ, բայց հայկական լոբբին, ամեն դեպքում, իր գործն առաջ է տանում:
- Արցախի իշխանությունները կոչ են արել միջազգային հանրությանը ճանաչել Արցախը: Ձեր կարծիքով` այս գործընթացը ե՞րբ կարող է հաջողություն ունենալ, սպասե՞լ հիմա ճանաչումների մի փուլի:
- Ճանաչումների փուլի մասին դեռ շուտ է խոսելը: Առայժմ պետք է տիրապետել քաղաքական օրակարգին` պատերազմի գնին, որն այսօր մեզ պարտադրված է: Աշխարհն ու մեր թշնամիները պետք է համոզվեն, որ Արցախը հայկական տիրույթ է և հետդարձ չկա:
-Իրականում ի՞նչ պետք է անի հայկական կողմը և մասնավորապես Հայաստանի Հանրապետությունը ստեղծված իրավիճակում: Ինչպե՞ս գործել ռազմի և դիվանագիտական դաշտերում:
-Պետք է մնա իր սկզբունքային դիրքերի վրա: Ո՛չ ավել, ո՛չ պակաս: Եթե հաջողենք պինդ կառչած մնալ մեր հիմնական կեցվածքից, կհաղթի նաև հայկական դիվանագիտությունը:
-Ֆրանսիայի նախագահը խոսում է բանակցային նոր մեթոդ առաջարկելու մասին, նորից կան քննարկումներ Արցախում խաղաղապահ ուժեր տեղակայելու մասին, հայկական կողմը խոսում է 1994-95թթ համաձայնագրերի վրա հիմնված հրադադարի ռեժիմի վերականգնման ուղղությամբ աշխատելու մասին և այլն: Դուք ի՞նչ ուղիներ եք տեսնում խաղաղությունը վերականգնելու և ի վերջո հիմնախնդրի՝ մեզ համար ցանկալի լուծումը տեսնելու համար:
- Այս իրավիճակում դժվար է խոսել դիվանագիտական նախընտրելի մեթոդների և ձևաչափերի մասին: Պարզ է, որ գերտերությունները պետք է հասկացած լինեն, որ անհեթեթություն է խոսել բանակցային գործընթացի մասին, որի մեկնակետը կարող է ուրիշ բան լինել, քան Արցախը ամբողջությամբ` հայկական տարածք համարելը, բացահայտ անհրաժեշտություն է նաև երաշխավորել Արցախի բնակչության անվտանգությունը: Անհեթեթ է նաև բանակցություն պատկերացնել բռնապետության հետ, որ իր առջև նպատակ է դրել անխնա կերպով հայեր ջարդելը: Հետևաբար, կրկնության գնով պետք է շեշտել, թե հիմիկվա հրամայականը անկարելին կարելի դարձնելով հաղթանակի հասնելն է: Այլապես բանակցությունը պարտության է առաջնորդվելու:
Հռիփսիմե Հովհաննիսյան










