«Իզվեստիայի» թղթակիցը կոնտուզիա է ստացել Ստեփանակերտի հրետակոծության ժամանակ

18:11 • 04.10.20

Ռուսական «Իզվեստիա» պարբերականի թղթակից Դենիս Կուլագան թեթև կոնտուզիա է ստացել հոկտեմբերի 4-ին Ստեփանակերտում հրետակոծության ժամանակ:

Ինչպես հայտնում է պարբերականը, հրետակոծությունն սկսվել է, երբ լրագրողները մեկնում էին նկարահանելու նախորդ հրետակոծություններից տուժածներին:

Ռուսական լրատվամիջոցն ընդգծում է, որ գիշերը Ստեփանակերտում հանգիստ է անցել, սակայն վաղ առավոտից քաղաքում գործարկվել է օդային տագնապի ազդանշանը: Դրան հաջորդել են հարվածները քաղաքի ուղղությամբ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 3-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 14 ինքնաթիռ, 123 անօդաչու թռչող սարք, 355 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 2745 զոհ, ավելի քան 4570 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։