Ադրբեջանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահի հետ
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը կիրակի հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովի հետ՝ քննարկելով ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ-ն: Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:
«Նախարար Ջեյհուն Բայրամովը ռուս համանախագահին տեղեկացրել է տարածաշրջանում լարվածության էսկալացիայի մասին»,- ասել են ադրբեջանական գերատեսչությունից:
Ռուս դիվանագետն, իր հերթին, լուրջ մտահոգություն է հայտնել աճող լարվածությամբ և ընդգծել հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 3-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 14 ինքնաթիռ, 123 անօդաչու թռչող սարք, 355 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 2745 զոհ, ավելի քան 4570 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։










