Պուտինն առայժմ չի ծրագրում բանակցել Ալիևի և Էրդողանի հետ․ Պեսկով

16:22 • 05.10.20

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններ վարելու դեռևս հստակ ծրագրեր չունի, սակայն տարածաշրջանում պատերազմ է ընթանում, և իրադարձությունները զարգանում են արագ, ուստի դժվար է կանխագուշակել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ria.ru-ն։

«Եթե դրա անհրաժեշտությունը լինի, ոչ մի կասկած չկա, որ նախագահ Պուտինը, իհարկե, այդ թեմայով քննարկում կունենա իր գործընկերների հետ»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՌԴ-ն առաջիկայում բարձր մակարդակով բանակցություններ է ծրագրում վարել Ալիևի կամ Էրդողանի հետ:

Հարցին, թե կարելի՞ է նման բանակցություններ ակնկալել այս շաբաթ, Պեսկովը պատասխանել է. «Առայժմ նման հստակ ծրագրեր չկան»:

«Բայց դուք գիտեք, որ խոսքը պատերազմի մասին է։ Ղարաբաղում իրավիճակը զարգանում է արագ, այնպես որ դժվար է գուշակություններ անել։ Կախված նրանից, թե ինչպես կզարգանան հանգամանքները, կձևավորվեն նաև երկխոսության պահանջները», - հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3145 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 14 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։