Արցախում քաղաքացիական զոհերի մեծ մասը հակառակորդի կողմից դիտավորյալ թիրախավորման հետևանքով է. Արցախի ՄԻՊ (տեսանյութ)
Այսօր`հոկտեմբերի 5-ին, Ադրբեջանի կողմից շարունակվել է քաղաքացիական բնակչության թիրախավորումը: Հիմնական թիրախը եղել է Ստեփանակերտի բնակչությունը և Ստեփանակերտի օբյեկտները և ենթակառուցվածքները: Սակայն այսօրվա հետևանքների և հնարավոր զոհերի տվյալները դեռևս ճշտվում են. այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
«Սեպտեմբերի 27-ից զոհվել է 19 քաղաքացիական անձ, որոնցից մեկը երեխա, յոթը` կանայք և 11-ը՝ տղամարդ: Քանի որ մի քանիսի մասով անձնական տվյալների ճշտման փուլում ենք, չենք կարող ենք ասել, թե քանիսը ինչ տարիքի են, բայց նախնական տվյալներով, 19-ից կեսը 50 տարեկանից բարձր են: Տարբեր դեպքեր են առկա, թե ինչից են վիրավորումները և մահերը եղել: Հիմնականում հրթիռային կամ հրետանային հարվածներից են գրանցվել, կան դեպքեր` անօդաճու թռչող սարքի, նույնիսկ ինքնաոչնչացող հարվածային անօդաչու թռչող սարքի հարվածից»,- նշեց Ացախի ՄԻՊ-ը:
«Մինչև հոկտեմբերի 4-ը ավելի քան 80 վիրավոր կա, որոնցից 60-ը եղել են լուրջ վիրավորում ստացած դեպքեր, 60-ից 48-ը տղամարդիկ են , 12-ը՝ կանայք, ներառյալ երեխաներ: Այս 60 դեպքից 24-ը արձանագրվել է բնակելի տարածքում, մարդիկ իրենց բնակարանում կամ բակում են գտնվել, ինչը նշանակում է, որ թիրախավորվել է բնակելի տարածքները: Ստեփանակերտ քաղաքում վիրավորումները եղել են 22-ը, ակնհայտ է, որ Ստեփանակերտը հիմնական թիրախի տակ է եղել, որը ապացուցում է , որ Ադրբեջանը նպատակ է ունեցել խիտ բնակեցված հատվածներին հարվածել և մարդկային և նյութական վնասներ հասցնել»,- նշեց նա:
ՄԻՊ-ի խոսքով՝ Ադրբեջանը վերջին օրերին ուղիղ կերպով սկսել է հրթիռահրետանային միջոցներով թիրախավորել հատկապես Ստեփանակերտի և Հանրապետության բնակչության մի շարք բնակավայրերի կենսական նշանակության ենթակառուցվածքները, ներառյալ՝ էներգամատակարարման համակարգերը ու խոշոր ենթակառուցվածները, կապի միջոցներ, ջրատար համակարգերը, որոշակի վնասներ է կրել նաև գազատար համակարգը:
Ըստ նրա, սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը խնդիր է դրել իր առջև շարքից հանել Հանրապետության քաղաքացիական կենսական նշանակության ենթակառուցվածքները, որը ոչ միայն պատերազմական հանցագորություն է ,այլ նաև մարդկության դեմ հանցագործություն է և կարող է հանգեցնել մարդասիրական լրջագույն աղետի:
«Ադրբեջանը սեպտեմբերի 27-ից սկսած առ այսօր կիրառում է միջազգային մարդասիրական իրավունքով արգելված զենքեր, հատկապես կասետային արկեր, հրթիռներ և ռումբեր»,- ընդգծեց նա:
Արտակ Բեգլարյանը նշեց, որ ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ են հայտնվել Արցախի պաշտպանության բանակի որոշ զինծառայողների մարմիններ և հաշվի առնելով 2016 թվականի գլխատման, մարմինների խոշտանգում և դիակապտության դեպքերը, վտանգը այժմ շատ մեծ է, որ ներկայումս նրանց վերահսկողության տակ գտնվող մարմիննների հանդեպ նմանատիպ ոտնձգություններ կկատարվեն:










