Ես չեմ հաստատել ՌԴ նախագահին սպասարկող ինքնաթիռի՝ ՀՀ-ում վայրէջք կատարելու մասին տեղեկությունը, ասել եմ՝ հատուկ բորտ է վայրէջք կատարել. Մանե Գևորգյան
Ցանկանում եմ պարզաբանել, որ ես չեմ հաստատել ՌԴ նախագահին սպասարկող ինքնաթիռի՝ ՀՀ-ում վայրէջք կատարելու մասին տեղեկությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
«Ես հաստատել եմ, որ հատուկ բորտ է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայան։ Լրագրողը, ով հրապարակել էր ՌԴ առաջին բորտի մասին հրապարակումը իմ մեկնաբանմամբ, արդեն հեռացրել է այն»,- գրել է Գևորգյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հաստատել էր, որ ՀՀ-ում վայրէջք է կատարել ՌԴ նախագահին սպասարկող ինքնաթիռը:
Նշենք նաև, որ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, մեկնաբանելով օդանավերի շարժին հետևելու հնարավորություն տվող Flight Radar24-ից տարածվող տեղեկություն այն մասին, որ Հայաստան է ուղևորվել ռուսական կառավարական ինքնաթիռ, «Արմենպրես»-ին տեղեկացրել է, որ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում Հայաստան են այցելում նախապատրաստական խմբեր:










