Սամվել Կարապետյանը կարևոր օգնություն է ցույց տվել բանակին․ 24news.am

21:36 • 05.10.20

Ռուսաստանահայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը բավական կարևոր օգնություն է հատկացրել Արցախի Պաշտպանության բանակին։ Այս մասին  24news.am-ին հայտնեցին բանակին մոտ կանգնած մեր աղբյուրները՝ չհստակեցնելով օգնության տեսակը։

«Ռազմական գաղտնիք է, միայն կարող ենք ասել, որ այդ օգնությունն արդեն կիրառվում է ըստ անհրաժեշտության և նպատակին է հասնում», - ասել է մեր աղբյուրը։

Ի դեպ, մեր տեղեկությունների համաձայն բացի Կարապետյանից ռուսաստանահայ բազմաթիվ այլ խոշոր գործարարներ սկսել են սեփական նախաձեռնությամբ հատկացումներ անել մարտնչող զորքերին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3154 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 230 զոհ։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն: