Lայնածավալ ռազմական հարձակումն ԱՀ-ի դեմ շարունակվում է աճող ինտենսիվությամբ և ուղեկցվում է զինված հակամարտությունների ժամանակ կիրառելի օրենքների և սովորույթների խախտումներով. ԱՀ ԱԺ

19:21 • 05.10.20

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին։

Հայտարարությունում մասնավորապես ասվում է․

«Հաշվի առնելով, որ 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, զինված հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության դեմ՝ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի սահմանի ողջ երկայնքով, Ընդգծելով Արցախի Հանրապետության դեմ զինված ագրեսիայում Թուրքիայի ուղղակի ներգրավածությունը և նրա կողմից ռազմական գործողությունների փաստացի հրամանատարությունն ու ղեկավարումը, խորը մտահոգություն հայտնելով Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ահաբեկչական կազմակերպությունների զինյալների ներգրավվման փաստի կապակցությամբ:

Հաշվի առնելով, որ լայնածավալ ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության դեմ շարունակվում է աճող ինտենսիվությամբ և ուղեկցվում է զինված հակամարտությունների ժամանակ կիրառելի օրենքների և սովորույթների խախտումներով, ներառյալ՝ քաղաքների և գյուղերի, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտի դեմ ոչ-ընտրողական և մեծ կործանարարություն ունեցող զինատեսակների կիրառմամբ, որի արդյունքում քաղաքաղիական բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։

Ողջունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` ՌուսաստանիԴաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի Հանրապետության, ինպես նաև միջազգային հանրության կողմից իրականացվող քայլերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղութան վերականգնմանը, և միևնույն Ժամանակ, ափսոսանք հայտնելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման, հետևանքով այդ քայլերը գործնական արդյուքն չեն տվել։

Ընդգծելով, որ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիան պետք է դիտվի խաղաղ բնակչության դեմ ուղղված համատարած և համակարգված հարձակումների համատեքստում, որոնք ձեռնարկվում են Ադրբեջանի կողմից ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական ժամանակ՝ 1988 թ․ սկսված Արցախյան ազգային ազատագրական շարժման սկզբից ի վեր։

Ճանաչելով, որ Արցախի Հանրապետության քաղաքացիների հիմնարար իրավունքների շարունակական խախտումները և իրենց անկապտելի իրավունքների իրացման խոչնդոտումը ոչ այլ ինչ են, քան մարդկության դեմ հանցագործություն՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Թուրքիայի ևԱդրբեջանի՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ագրեսիան ընդդեմ Արցախի Հանրապետության և կոչ է անում աշխարհի երկրների խորհրդարաններին ճանաչել Արցախի Հանրապետության

անկախությունը՝ որպես ամենաարդյունավետ միջոցը՝ Արցախի խաղաղ բնակչության մդեմ իրականացվող ծանր հանցագործությունները կասեցնելու և նրանց իրավունքները պաշտպանելու նպատակով»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3154 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 230 զոհ և 200-ից ավելի վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 15 մարդ։