Ադրբեջանական քարոզչության լկտի կեղծիքն է, ըստ որի՝ հրթիռակոծվել է Մինգեչաուրի ՋԷԿ-ը․ «Սմերչ» համակարգը չի կարող հաղթահարել Հայաստանից Միգեչաուր ընկած տարածքը․ ՀՀ ՊՆ (տեսանյութ)
«Զինուժ մեդիան» բացահայտում է ադրբեջանական քարոզչության հերթական ու լկտի կեղծիքը, ըստ որի՝ Հայաստանի հանրապետության տարածքից հրթիռակոծվել է Մինգեչաուրի ՋԷԿ-ը։ «Սմերչ» համակարգը, որի հրթիռն, իբր, արձակվել է Հայաստանից, չի կարող հաղթահարել Հայաստանից Միգեչաուր ընկած տարածքը։
Հրթիռային կայանքի հնարավորություններն ուղղակի թույլ չեն տալիս անել դա։ Երկորդ կեղծիքը նույնպես ակնհայտ է. Ադրբեջանի նախագահի օգնականի տեղադրած հայտնի լուսանկարներում ընդամենը «Սմերչի» հրթիռի՝ արդեն մարտական մասը պարպելուց հետո մնացած հատվածն է։ Մինչդեռ ադրբեջանական կողմը պնդում է, թե հրթիռն ուղղակի չի պայթել։
Հրապարակված լուսանկարում հրթիռն առանց մարտական հատվածի է, հետևաբար՝ այն չէր կարող չպայթել։ Իսկ եթե պայթել է, ապա ավերածության հետքեր պետք է լինեին, որոնք չկան։ Դե իսկ «չպայթած» հրթիռի համար խնամքով փորված անցքի մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 3154 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 230 զոհ և 200-ից ավելի վիրավոր։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 15 մարդ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։










