«Քաղաքացիական բնակչությունը պետք է պաշտպանվի կասետային ռումբերի կիրառումից». Amnesty International-ը հաստատել է արգելված զինամթերքի կիրառումը Ստեփանակերտի բնակչության դեմ

23:13 • 05.10.20

Amnesty International միջազգային կազմակերպությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ շեշտելով, որ ԼՂ հակամարտության գոտում հայտնված քաղաքացիական բնակչության պաշտպանությունը պետք է առաջնահերթ լինի: Այս հայտարարությամբ կազմակերպությունը հանդես է եկել քաղաքացիական բնակչության դեմ կասետային ռումբերի կիրառումից հետո:

«Քանի որ մարտերը շարունակում են սրվել, քաղաքացիները պետք է պաշտպանության տակ գտնվեն, կանխամտածված թիրախավորման չենթարկվեն կամ անմտորեն վտանգի մեջ հայտնվեն»,- ասել է կամակերպության ղեկավարի պաշտոնակատար Դենիս Կրիվոշեևը:

«Amnesty International-ի ճգնաժամերի արձագանքման փորձագետները ուսումնասիրել են ԼՂ-ի բնակավայրերում պատկերված տեսանյութը և հաստատել են իսրայելական արտադրության M095 DPICM կասետային ռումբերի կիրառումը, որոնք գործարկվել են ադրբեջանական ուժերի կողմից»,- ասվում է վերջինիս հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3154 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 230 զոհ։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։