ԵՄ-ն հայտնել է՝ որն է ԼՂ հակամարտության կարգավորման համար լավագույն հարթակը
ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն Բրյուսելում անցկացված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Եվրամիությունը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար լավագույն հարթակը Մինսկի խումբն է, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ստանոն հավելել է, որ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դեպի տարածաշրջան այցելություն դեռևս չի ծրագրում, սակայն «նա միշտ պատրաստ է գնալ այնտեղ, որտեղ իր ներդրած ջանքերը կարող են օգտակար լինել»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 3145 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև
Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 14 մարդ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։










