ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները պատրաստվում են ԼՂ հարցով համատեղ հայտարարությամբ հանդես գալ. Լավրով

16:14 • 05.10.20

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի արտգործնախարարները պատրաստվում են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ հանդես գալ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Հիմա երեք երկրների արտգործնախարարների հայտարարությունն ենք պատրաստում, սակայն, պետք է, իհարկե, մտածել ոչ միայն հայտարարությունների, այլև արյունահեղությունը դադարեցնելու և իրավիճակը բոլոր դեպքերում բանակցությունների սեղան վերադարձնելու համար ձեռնարկվելիք կոնկրետ քայլերի մասին»,- նշել է նախարարը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3145 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև

Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 14 մարդ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։