Արցախի զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս ադրբեջանական գործողություններին՝ թիրախավորելով զուտ ռազմական օբյեկտները. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

21:01 • 05.10.20

Ինչպես նշել ենք, այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերն սկսեցին մասսայական հրթիռակոծությունը Արցախի բնակավայրերի վրա, համապատասխան կադրերը ցուցադրել ենք, այնտեղ աշխատում են միջազգային ԶԼՄՆ-երը, որոնք թեև շատ հաճախ իրենց կյանքը ևս վտանգում են, բայց աշխարհին ներկայացնում են ողջ իրականությունը: Այս մասին հայկական միասնական տեղեկատվական հարթակում ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Արցախի Պաշտպանության բանակի ուժերը համապատասխան պատասխան են տալիս ադրբեջանական նման գործողություններին, սակայն թիրախավորելով զուտ ռազմական օբյեկտները, զորքերը, զորախմբերը՝ բացառապես աշխատելով ռազմական թիրախների ուղղությամբ: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության բոլոր այն մեղադրանքները, որոնք ուղղված են հայկական կողմին ապատեղեկատվություն են և ոչնչով հիմնավորված չեն: Այսօր առավոտյան հարավային ուղղությամբ հակառակորդը նորից ձեռնարկել էր լայնածավալ հարձակման փորձ՝ կիրառելով մեծաթիվ ուժեր, զրահատեխնիկա և այլն»,- ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանն ընդգծեց՝ օրվա ընթացում նույնիսկ իրենց «հաջողությունը» փորձեցին «ամրագրել» հայկական ստորաբաժանումներում իրենց գտնվելու մասին տեսանյութերով և այլ «ապացույցների» միջոցով, բայց դա հերթական օրինակն  էր, որ փոքրիկ, ժամանակավոր հաջողությունները փորձում են ներկայացնել որպես մեծ հաղթանակներ: «Մեր զորքերը, մեր զորքերի հրամանատարները մարտավարական հնարամիտ, գրագետ խուսանավումներով, հակառակորդին կարողացել են մեծ կորուստներ պատճառել և հետ շպրտվել, մոտավորապես 200 և ավելի զոհ են տվել միայն հարավային ուղղությամբ և միայն այսօրվա մարտերի ընթացքում»,- ասաց նա:

ՊՆ ներկայացուցիչը շեշտեց, որ մարտերը բավականին թեժ են եղել, բայց մեր կողմից կատարվել է գրագետ խուսանավում. «Հիմա թող նույն կերպ փորձեն ցույց տալ իրենց հաջողությունները, այսօրվա ընթացքում հետ են շպրտվել բավականին մեծ կորուստներով: Այս պահին, ցավոք, չեմ կարող ներկայացնել կոնկրետ թվական ամփոփումներ հակառակորդի զինուժի կորուստների մասին, որովհետև երկար ժամանակ մարտերն ընթանում էին, վաղվա ամփոփման ժամանակ ընդհանուր երկու օրվանը կներկայացնենք»,- եզրափակեց նա: