Այս պահին «Օդային տագնապ» ազդանշան տալու անհրաժեշտություն չկա, բայց հարկ եղած դեպքում այն լինելու է ոչ թե փորձնական, այլ՝ իրական. Ֆելիքս Ցոլակյան

04:58 • 05.10.20

Այս պահին չկա Օդային տագնապի ազդանշան տալու անհրաժեշտություն, բայց հարկ եղած դեպքում այն լինելու է ոչ թե փորձնական, այլ՝ իրական, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանն՝ անդրադառնալով վերջին օրերին շրջանառվող այն խոսակցություններին, թե օդային տագնապի փորձնական ազդանշան է տրվելու:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Պաշտոնապես հայտարարում եմ՝ այս պահին չկա Օդային տագնապի ազդանշան տալու անհրաժեշտություն, բայց հարկ եղած դեպքում այն լինելու է ոչ թե փորձնական, այլ իրական:

Արտակարգ իրավիճակների նախարարությունն ունի իրազեկման անհրաժեշտ բոլոր միջոցները՝ «Օդային տագնապ»-ի դեպքում բնակչությանն այդ մասին օպերատիվ տեղեկացնելու համար:

Հարկ եղած դեպքում իրազեկումն իրականացվելու է էլեկտրաշչակներով, բջջային հեռախոսներին ուղարկվող կարճ sms հաղորդագրությունների տեսքով և Զանգվածային լրատվության միջոցներով:

Խնդրում և հորդորում եմ բոլորիդ հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը:

Չնայած նրան, որ այս պահին չկա դրա անհրաժեշտությունը, բայց հատկապես սահմանամերձ շրջանների մեր հայրենակիցներին կոչ եմ անում թարմացնել գիտելիքները՝ վերհիշելով Օդային տագնապի ժամանակ վարքագծի պարզագույն կանոնները:

Խիղճ և խաղաղություն բոլորիս...»,- գրել է Ցոլակյանը: