Ռուս և շվեյցարացի դիվանագետները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

18:49 • 05.10.20

ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն երկուշաբթի Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային վարչության պետքարտուղար պաշտոնակատար Կրիստինա Մարտի Լանգի հետ հանդիպմանը քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

«Կարծիքներ ենք փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի, ինչպես նաև Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ միջազգային ժնևյան քննարկումների օրակարգում առկա հարցերի շուրջ»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Շվեյցարիայի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ երկիրն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքներին՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության բանակցային եղանակով կարգավորմանը և պատրաստակամություն է հայտնել իր տարածքում բարձր մակարդակով հանդիպումներ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3145 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 14 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։