Լոնդոնի Ղպտի ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոսն աջակցություն է հայտնել Հայաստանին և Արցախին
Լոնդոնի Ղպտի ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Անգելոսը հայտարարություն է տարածել՝ աջակցություն հայտնելով Հայաստանին և Արցախին՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ պայքարում: Այս մասին տեղեկանում ենք Ամերիկայի «Հայ դատի» գրասենյակի ֆեյսբուքյան էջից:
«Օրհնված եմ կանգնելու վաղեմի եղբայր և ընկեր Հովակիմ եպիսկոպոսի և հայկական եկեղեցու այլ անդամների կողքին՝ Լոնդոնում հատուկ պատարագի ժամանակ աղոթելով Ղարաբաղում զոհված անձանց համար, ինչպես նաև վիրավորների և բոլոր նրանց համար, ովքեր տառապում են։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 3154 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 230 զոհ և 200-ից ավելի վիրավոր։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։










