Ցանկացած պետություն, որը կիրառում է կասետային զինատեսակներ, կամ ցանկացած զինատեսակ խաղաղ բնակչության նկատմամբ, հանցագործ է. Արման Աբովյան (տեսանյութ)
Սա այն հրթիռների մի մասն է, որով այսօր գնդակոծվում է Ստեփանակերտը, Արցախի խաղաղ բնակավայրերը: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, որը ԱԺ դահլիճ էր բերել այդ բեկորը, որը գտել են Արցախի ծննդատան մոտակայքում:
«Ամեն օր տասնյակ այսպիսի ահավոր զինատեսակներ կիրառվում է խաղաղ բնակիչների նկատմամբ»,-ասաց նա և նշեց, որ այդ կասետային հրթիռները արգելված են բոլոր միջազգային կոնֆենցիաներով, օրենքներով:
«Ցանկացած պետություն, որը կիրառում է այս զենքը, կամ յուրաքանչյուր զինատեսակ խաղաղ բնակչության նկատմամբ, հանցագործ է: Մեզ հետ պատերազմում են տեռորիստական Թուրքիան և տեռորիստական Ադրբեջանը, սա այն ուղեգիրն է, որը պետք է բացվի այդ երկու հանցագործների առաջ Հաագայի տրիբունալի դռները, և ես չեմ կասկածում, որ թե՛ Էրդողանը, թե՛ Ալիևը կստանան արժանի պատիժ»,-ասաց նա:
Արման Աբովյանը նշեց, որ համոզված է, որ միջազգային գործընկերները հասկանում են, որ եթե տեռորիստ Ալիևի, Էրդողանի ձեռքերը չկտրվեն, ապա իրենց թեթև ձեռքով այդ տեռորիստները կհայտնվեն Վրաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում և այդպես շարունակ:










