«Սա պայքար է հանուն հայ ժողովրդի ինքնության և պատվի»․ Washington Examiner-ը՝ Էրդողանի կայսերապաշտական նկրտումների և հակամարտությունը խորացնելու ձգտումների մասին

11:19 • 06.10.20

Մինչ միջազգային հանրությունը շարունակում է Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ հրադադարի կոչ անել, Թուրքիան գնալով մեկուսանում է միջազգային հանրությունից և ավելացնում իր դերը հայ-ադրբեջանական հակամարտությունում, գրում է ամերիկյան Washington Examiner թերթը։

Ինչպես նշում է հոդվածագիրը, ամբողջ աշխարհը խաղաղության կոչ է անում, իսկ Թուրքիայի առաջնորդն իր ադրբեջանցի դաշնակիցներին դրդում է սրել Հայաստանի դեմ պատերազմը։ Նրա խոսքով՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հայտարարությունները փաստում են, որ բացի Թուրքիայից և Ադրբեջանից ոչ ոք շահագրգռված չէ իրավիճակի սրման շարունակությամբ։

«Անկարան ակտիվորեն աջակցում է ադրբեջանական ռազմական գործողություններին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանում հիանալի հնարավորություն է տեսնում նոր թուրքական կայսրության մասին իր պատրանքի հետագա զարգացման համար։ Բայց քանի որ հակամարտությունը գնալով ավելի կատաղի է դառնում, նրա ազգայնական-հուզական որակը նույնպես խորանում է։ Դա բարդացնում է կայուն հրադադարի մասին պայմանավորվածության ձեռքբերումը»,- ընդգծում է հոդվածագիրը։

Հոդվածագիրը նշում է, որ աշխարհն այս հակամարտությունը պետք է դիտարկի ոչ թե պարզապես որպես հակամարտություն տարածքի պատճառով, այլ հանուն հայ ժողովրդի ինքնության և պատվի պայքար։

«Եթե Արևմուտքն ու Ռուսաստանը միաժամանակ սպառնան ճնշումներով, Ադրբեջանն ու Թուրքիան ստիպված կլինեն նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- կարծում է հոդվածագիրը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 230 զոհ։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։