Նիկոլա Ազնավուրը բաց նամակով դիմել է Մակրոնին` խնդրելով ճանաչել Արցախի անկախությունը

12:21 • 06.10.20

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին` «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը, բաց նամակով դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին` խնդրելով ճանաչել Արցախի անկախությունը։

«Վերջին օրերը ցավով ու խոր անհանգստությամբ էին լի ողջ հայ ազգի համար։ Հայ ժողովրդին դարձյալ վտանգ է սպառնում, և, ինչպես 1915-ին, այսօր էլ նա ստիպված է պայքար մղել իր գոյության համար։ Հայ դիրքապահները քաջաբար պահում են երկրի սահմանները, սակայն մարտերը թեժ են, և զոհերը՝ բազմաթիվ։

Ես ևս մեկ անգամ դիմում եմ Ձեզ՝ որպես մի մարդու և առաջնորդի, որը չի վախենում ճշմարտությունն ասել, և որի համար մարդկային արժեքները գերակա են: Դուք սա ապացուցել եք Ձեր ղեկավարման այս ողջ ընթացքում։ Ձեր վերջին ելույթներում Դուք ևս մեկ անգամ հիշեցրիք հայերին և աշխարհին, որ Հայաստանը մենակ չէ այդ դահիճների դեմ հանդիման։ Դուք համարձակորեն դատապարտեցիք Թուրքիայի կեղծավորությունն ու ցինիզմը և նրա մեղսակցությունը Բաքվի հանցագործություններին: Այս հակամարտության ընթացքում Սիրիայից ջիհադիստների՝ վարձկան-ահաբեկիչների ներգրավումը ևս մեկ անգամ ցույց է տալիս այդ կառավարությունների անբարո ձեռագիրը և գուժում ահաբեկչական սպառնալիքի մասին, որը Թուրքիայի ձեռամբ հասնում է Եվրոպայի և Ռուսաստանի մատույցներին: Բաքուն թիրախավորում է խաղաղ բնակիչներին և լրագրողներին՝ օգտագործելով արգելված զինամթերք, խախտելով միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները։

Ձեր և ֆրանսիացի ժողովրդի աջակցությունն անչափ կարևոր է մեզ համար: Խնդրում եմ Ձեզ գործուն քայլերի դիմել՝ հանուն մեր ժողովրդի փրկության - ճանաչելով Արցախի Հանրապետությունը որպես ինքնիշխան պետություն, որը կկարողանա օգտվել միջազգային իրավունքի դրույթներից, խնդրում եմ տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ՝ նրանց գործած հանցագործությունների համար, ինչպես նաև ճնշում գործադրել ՄԱԿ-ի վրա՝ տարածաշրջանում խաղաղություն վերահաստատելու մեխանիզմներ գործի դնելու նպատակով։

Ես հավատում եմ Ձեզ ու Ձեր սկզբունքայնությանը, լիահույս եմ, որ մարդասիրական և ժողովրդավարական մեր արժեքները հաղթանակ կտանեն բռնապետության ու ոճրագործության դեմ, որոնց շարժիչ ուժը ագահությունն է և իշխանության ծարավը: Հայաստանը քաղաքակրթության բերդամրոցն է, որը պետք է պաշտպանել»,-գրել է Նիկոլա Ազնավուրը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 230 զոհ։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն: