«Կողմերը պետք է ձեռնպահ մնան խաղաղ բնակիչների վրա հարձակումներից»․ Իրանը վերստին կոչ է արել դադարեցնել կրակը ԼՂ-ում

13:07 • 06.10.20

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Ղաթիբզադեն նախօրեին վերստին հնչեցրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի անհապաղ դադարեցման վերաբերյալ Իսլամական Հանրապետության կոչը:

«Մենք ուշադիր հետևում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և կապի մեջ ենք բոլոր կողմերի հետ։ Հակամարտության կողմերը պետք է պահպանեն պատերազմի օրենքները և ձեռնպահ մնան խաղաղ բնակիչների վրա հարձակումներից»,- Twitter-ում գրել է Ղաթիբզադեն։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 230 զոհ։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։