Ջավախքում ամեն մի գյուղ՝ լինի գումարով, թե պարենային օգնությամբ, պատրաստ է աջակցություն բերելու Արցախին ու Հայաստանին. խաղաղ ցույց Ախալցխայում՝ ի պաշտպանություն Արցախի (տեսանյութ)

15:09 • 06.10.20

Ջավախքի հայերը Ախալցխայի կենտրոնական մարզադաշտում խաղաղ ցույց են իրականացնում հաջակցություն Արցախի:

Մասնակիցներն ակցիան սկսեցին Տերունական աղոթքով, որից հետո մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակված զինվորների և զոհված խաղաղ բնակիչների հիշատակը:

«Ամբողջ աշխարհով մեկ համասփյուռ կոչ ենք անում կանգնել Արցախի և Մայր Հայաստանի կողքին, չկա մի գյուղ և մի քաղաք, որ անմասն է մնացել այս համազգային մեծ օգնությունից: Ջավախքում ամեն մի գյուղ, ամեն մի տարածք՝ լինի գումարով, թե պարենային օգնությամբ կամ հագուստով, պատրաստ է աջակցություն բերելու Արցախին ու Հայաստանին: Նվիրատվությունը չի դադարելու այնքան ժամանակ, մինչև չդադարի այն պատերազմը, որը այժմ ընթանում է Արցախ աշխարհում: Եթե կարիք լինի, մենք ամենքս ոչ մի վայրկյան չենք մնալու այստեղ, այլ միանալու ենք մեր հայրենակիցներին Արցախին և նորից ասելու՝ «հաղթելու ենք»,- նշեց ակցիայի մասնակիցը:

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ այս ակցիայով ցանկանում են ցույց տալ, որ Ջավախքը միշտ կանգնած է և շարունակելու է կանգնել Արցախի և Հայաստանի կողքին, նրանք կոչ արեցին չդադարել օժանդակությունը, այլ  նույն եռանդով և ջանասիրությամբ շարունակել այդ սուրբ ու նվիրական գործը: