«Էրդողանը փորձում է վրեժխնդիր լինել հայերից, որոնք տասնամյակներ շարունակ պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը»․ Times of India-ն՝ ԼՂ հակամարտությանն Անկարայի միջամտելու մասին

17:20 • 06.10.20

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր երկիրը գերտերություն դարձնելու հավակնությունների շրջանակում ակտիվորեն մասնակցում է Սիրիայի և Լիբիայի հետ հակամարտություններին, փորձում է մեծացնել իր ազդեցությունը Էգեյան ծովում, ԱՄԷ-ին մեղադրում է պաղեստինցիների դավաճանության համար, իսկ այժմ աջակցում է Ադրբեջանին Հայաստանի հետ  հակամարտությունում, գրում է Times of India-ն։

Թերթն ընդգծում է, որ «թեև Անկարան զայրացրել է Արևմուտքին՝ փորձելով սերտ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, այնուամենայնիվ, և՛ Սիրիայում, և՛ Լիբիայում, և՛ հիմա Լեռնային Ղարաբաղում Թուրքիան և Ռուսաստանը միանգամայն տարբեր կողմերին են օգնում միևնույն պատերազմների շրջանակում»։

«Թուրքիայի ֆինանսական համակարգն այժմ խորը ճգնաժամի մեջ է, բայց ֆինանսական համակարգի բարելավման մեթոդներ փնտրելու փոխարեն, Էրդողանը փորձում է լայն հանրությանը շեղել այդ խնդիրներից»,- գրում է թերթը։

Ինչպես նշում է թերթը, «Էրդողանը ցանկանում է իրեն ներկայացնել որպես մուսուլմանների պաշտպան, իսկ  Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում՝ որպես սուրը ձեռքին մեծ ռազմիկ, որը մահմեդական ադրբեջանցիներին պաշտպանում է քրիստոնյա հայերի դեմ դիմակայությունում», մինչդեռ փորձում է վրեժխնդիր լինել հայերից, որոնք տասնամյակներ շարունակ պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 251 զոհ։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։