Համանախագահներն արձանագրել են՝ 10 օր տևող պատերազմում Ադրբեջանն ու Թուրքիան չեն կարողացել փոփոխել ռազմաքաղաքական իրավիճակն Արցախում, սա Հայոց բանակի նվաճումն է․ Արմեն Աշոտյան

13:16 • 06.10.20

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը, որով նրանք վերահաստատեցին բանակցային գործընթացի վերսկսման դեպքում առկա հիմնարար սկզբունքների և համապատասխան միջազգային փաստաթղթերի անկյունաքարային նշանակությունը, սառը ցնցուղ պետք է լինի Ադրբեջանի ղեկավարության համար:

Համանախագահները արձանագրում են այն փաստը, որ արդեն 10 օր տեւող պատերազմում Ադրբեջանին եւ Թուրքիային չի հաջողվել այսպիսի փոփոխությունների ենթարկել ռազմաքաղաքական իրավիճակն Արցախում, որ կտրուկ փոխվեին բանակցային տրամաբանությունն ու խաղադրույքները։

Սա Հայոց բանակի նվաճումն է, որը պետք է պահել նաեւ դիվանագիտական ճակատում»։