Եզդիական համայնքը շտապօգնության մեքենաներ է հասցրել Հայաստանի սահման և Պաշտպանության բանակին է տրամադրելու. Ռուստամ Բաքոյան (տեսանյութ)
Ուրախ եմ, որ մեր եզդիները հայկական սփյուռքի հետ մեկ բռունցք դարձած մի քանի ճակատով շատ լուրջ աշխատում են: Այս մասին ՀՀ ազգային ժողովով հայտարարությունների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
Նա հայտնեց, որ եզդիական համայնքը շտապօգնության մեքենաներ է արդեն հասցրել Հայաստանի սահման և Պաշտպանության բանակին է տրամադրելու: Դիմելով Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին՝ թալիշներին, նա ասաց. «Մենք աջակցում ենք ձեզ, որ ձեր պետականությունը ստեղծեք: Դուք ապրում եք ձեր պատմական հայրենիքում և իրավունք ունեք ինքնորոշվելու: Երկիրը չպետք է Ադրբեջան կոչվի, այլ պետք է թալիշների կամ լեզգիների երկիր համարվի»,-ասաց նա:
Ռուստամ Բաքոյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի կողմից Սիրիայից եկած ահաբեկիչներ են մասնակցում մարտերին հարավից: «Հենց հարավում նաև այս պահին եզդիական ջոկատն է մարտեր մղում նրանց դեմ: Ուզում եմ հիշեցնել այդ սիրիացի վարձկաններին՝ եզդիները պարտք ունեն և այդ պարտքը մարտի դաշտում իրենց տալու են 2014-ին Սինջարում եզդիների ցեղասպանության համար: Մենք հետ չենք կանգնելու, մեր գործն արդար է, հաղթելու ենք, գնում ենք դեպի հաղթանակ»,-ասաց նա:










