Մենք միշտ մտածել ենք, որ Կարենը լուրջ պաշտոնյա է դառնալու և չսխալվեցինք. մեր ընկերն արեց ամենակարևորը՝ մինչև վերջ կռվեց, կյանքը զոհեց հանուն մեզ. կուրսընկերուհին՝ զոհված Կ. Մարգարյանի մասին
Կարենը մեր կուրսի համար 1 սովորողն էր ,թե՛ տղաների մեջ, թե՛ աղջիկների։ Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայող Կարեն Մարգարյանի (ծնված 2000թ.) կուրսընկերուհի Անուշ Մանուկյանը: Նշենք, որ Կարեն Մարգարյանը ՀՊՏՀ , Ֆինանսական ֆակուլտետի ուսանող էր:
«Անասելի աշխատասեր էր, խելացի , համեստ, բարի, ընդունվել էր վճարովի համակարգ, մի անգամ հիշում եմ ՝ ասաց Անուշ լավ եմ սովորում, որ անվճար անցնեմ, կանցնեմ չէ՞ , ես էլ կատակով ասացի՝ քո չափ ով սովորի ու չանցնի,այ գիրք կրծող, հաստատ անցնելու ես»,-պատմեց նա:
Անուշ Մանուկյանի խոսքով՝ Կարենը բոլոր քննությունները գերազանց է հանձնել, նոր գնացել բանակ: «Ասում էինք՝ Կարեն, դե լավ, գնա, արի՝ կհանձնես, ասաց՝ չէ, պիտի հանձնեմ: Պավեսկան էլ մի քննությունից առաջ էր եկել, այդ մեկը չէր հասցնելու տար, գնաց օր փոխեց։ Անկեղծ եմ ասում՝ մենք միշտ մտածել ենք, որ Կարենը մի մեծ մարդ է դառնալու, լուրջ պաշտոնի է լինելու և չսխալվեցինք. մեր ընկերն արեց ամենակարևորը ՝փրկեց մեզ բոլորիս , մինչև վերջ կռվեց, կյանքը զոհեց հանուն մեզ։
Հպարտությունից խեղդվում եմ ես, որ Կարենը ընկերս է եղել, դասից դուրս ևս շփվել ենք, կուրսով տեղ գնալուց Կարենը մեզ հետ էր միշտ: Լավ հումոր ուներ, եթե ինքը մեր հետ նույն տեղում էր, ապա անհնար էր ժամանակը տխուր անցկացնել:
Մի անգամ էլ դասի ժամին դաս էի պատասխանում, Կարենը ինձ ուղղված հարցին պատասխանեց՝ առանց սպասելու, ես էլ նեղացա իրանից, բայց իմ ամեն աղոթքում ասում եմ, որ չեմ նեղացել, այ գերազանցիկ, հպարտ եմ քեզանով»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։










