Սա հայրենական թեժ պատերազմ է, որում մենք պետք է կանգուն լինենք մինչև վերջ. Ռուբեն Ռուբինյան
Պատերազմի երկրորդ-երրորդ օրերից սկսած` միջազգային խաղացողների, մամուլի և հանրության շրջանում ընկալման փոփոխություն տեղի ունեցավ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, աշխարհը ընդունեց այն փաստը, որ Թուրքիան ֆիզիկապես ներգրավված է պատերազմի մեջ և որ տեռորիստներ են օգտագործվում հայության դեմ, ինչը դիվանագիտական առումով բնականաբար դրական է և մեծ հնարավորությունների տեղ է բացում. այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Հարցին, թե երեկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպեց Թուրքիայի արտգործնախարարին և նախագահին, ի՞նչ ենք ակնկալում այս հանդիպումից, Ռուբինյանը նշեց.
«Թուրքիան անցել է բոլոր կարմիր գծերը և վերածվել է տեռորիստ պետության, իսկ մյուս միջազգային գործընկերներից մենք ակնկալում ենք կոշտ հանդիմանում և քննադատություն Թուրքիայի այս հակաօրինական և հակահումանիստական և ագրեսիվ գործողություններին»:
Դիտարկմանը, թե բացի հայտարարություններից՝ միջազգային հանրությունը, դաշնակից պետությունը ի՞նչ գործուն քայլեր պետք է անեն, պատգամավորը նշեց. «Ես վստահ եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և առաջին հերթին Ռուսաստանը կկատարի իր կարևոր դերը այս տարածաշրջանում խաղաղություն ապահովվելու հարցում:
Լրագրողի դիտարկմանը, թե կրակը դադարեցնելու միջազգային հանրության կոչերը ինչպե՞ս պետք է իրականություն դառնան, Ռուբինյանը նշեց, որ համանախագահ երկրների նախագահների առաջին համատեղ կոչը եղավ մի քանի օր առաջ, որից հետո Հայաստանի ԱԳՆ-ն դրական արձագանքեց դրան, բայց տեսանք թուրք-ադրբեջանատեռորիստական ագրեսիվ քաղաքականության և հրաժարում խաղաղություն հաստատելուց: Նա նշեց, որ երեկ հնչել է համանախագահ երկրների արտգործնախարարների ավելի խիստ կոչը և կարծում է՝ մենք պետք է սպասենք ադրբեջանական կողմի արձագանքին:
Ռուբինյանն ընդգծեց, որ ներկա վիճակին գնահատական տալը վաղ է, այս պահին հարաբերական անդորր է, սակայն պետք է հասկանալ. «Սա հայրենական թեժ պատերազմ է, որում մենք պետք է կանգուն լինենք մինչև վերջ»:
Պատասխանելով հարցին, թե Ն. Փաշինյանը արդեն չորրորդ հեռախոսազրույցն է ունենում Վ. Պուտինի հետ, ի՞նչ ենք ակնկալում Ռուսաստանից, նշեց, որ վստահ են, որ մեր բարեկամները՝ առաջին հերթին Ռուսաստանը, կայունացնող գործ կկատարեն:
Նա ընդգծեց, որ ինքը նշել է, որ ՀԱՊԿ-ին այս պահին դիմելու անհրաժեշտություն չկա և եթե կարիք լինի, կդիմեն. «Շարունակում եմ պնդել, որ մեր շահերի և մեր ժողովրդի համար մեկ երաշխավորը եղել և շարունակում է մնալ մեր կամքը, մեր բանակը»:










