Ստեփանակերտում սկսված հրթիռակոծությունից տուժել են բնակելի շենքեր (լուսանկարներ)
Ստեփանակերտում սկսված հրթիռակոծությունից տուժել են բնակելի շենքեր։ 2 հարկանի բնակելի տունն ամբողջությամբ ավերակի է վերածվել։ Այս մասին ասվում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում արված հայտարարության մեջ:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրապարակվել են նաև լուսանկարներ Ստեփանակերտից:
Նշենք, որ ավելի վաղ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ հակառակորդը հրթիռակոծում է Ստեփանակերտն ու Շուշին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 251 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։














