BBC-ի թղթակիցներն Արցախից պատմել են տիրող իրավիճակի մասին (լուսանկարներ)
Հայ-ադրբեջանական հակամարտության սրման ֆոնին BBC լրատվականի թղթակիցներին հաջողվել է հասնել Արցախ, որտեղ նրանք հետևում են ռազմական դրության զարգացմանը:
Օդային տագնապի մասին ազդանշանը նրանք լսում են Լաչինով անցնելիս:
«Այստեղ գտնվող կամրջի ուղղությամբ ադրբեջանցիները կրակել են 3 օր շարունակ՝ փորձելով կոտրել հաղորդակցությունը Հայաստանի և Արցախի միջև: Քաղաքում հնչում է հերթական պայթյունը, օդային տագնապը չի դադարում, փողոցներով ընթանում է ոստիկանական մեքենան՝ կոչ անելով առավելագույնս արագ գնալ պատսպարան»,-գրում է թղթակիցը:
Նկարահանող խմբի համար նման վայր է դառնում քաղաքի խանութներից մեկի կիսանկուղային հարկը:
«Խանութի տերը՝ Նելլին, 17 տարի ապրել է Կալիֆոռնիայում ընտանիքի հետ, սակայն որոշել է վերադառնալ հայրենիք: Երկու սենյակներում աստիճանաբար տեղ են զբաղեցնում տեղացիները և անցորդները, որոնք դեպի Ստեփանակերտ էին ուղևորվում կամ այնտեղից էին վերադառնում: Նելլին նրանց սուրճ և սնունդ է առաջարկում:
Պատսպարվածների մեջ ուշադրություն է գրավում ալեհեր բարձրահասակ մի տղամարդ: Նա Հրաչիկ Արմենակյանն է, մասնագիտությամբ նկարիչ: Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ նա ուսանող է եղել, երբ 2016-ին հակամարտության լարվածություն էր, նա ապրում էր Մոսկվայում: Այս օրերին նա Երևանում էր: Իր խոսքով՝ մտերիմների հետ նույնիսկ չի խորհրդակցել: 
«Նրանք միևնույնն է կասեին, որ դա իմ գործը չէ, ինչո՞ւ ես գնում, մնա տանը: Պարզապես երեկ հայտնեցի, որ պետք է Ղարաբաղ գնամ, և առավոտյան դուրս եկա»,- պատմել է նկարիչը:
Հրաչիկը կռվել չգիտի, սակայն հույս ունի, որ այնտեղ նրան կսովորեցնեն, կարծում է, որ պատերազմում հիմա ցանկացած աջակցություն կարևոր է»,-գրում է BBC-ն:
Այնուհետև աղբյուրն անդրադարձ է կատարել Շուշիին:
«Հնագույն Շուշի քաղաքը գտնվում է Ստեփանակերտից ընդամենը 10-15 րոպե հեռավորության վրա: Այն լեռան վրա է, այդ պատճառով էլ հազվադեպ են հրթիռակոծում: Շուշիից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արցախի մայրաքաղաք: Մոտ երկու ժամ նկարահանումների ժամանակ քաղաքը չեն գնդակոծում, սակայն ամեն առավոտ և գիշեր Ստեփանակերտը հրթիռակոծվում է, և ըստ այլ լրագրողների՝ ավելի ու ավելի ուժգին:
Փախստականները պատմել են, որ գրեթե դուրս չեն գալիս նկուղներից:
«Երբեմն, երբ հանգիստ է, դուրս ենք գալիս, երբ օդային տագնապ է լինում, իջնում ենք նկուղ: Այսօր տագնապը մի քանի անգամ է եղել, գրեթե ամբողջ օրը դուրս չենք եկել»,- պատմել է կանանցից մեկը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 230 զոհ։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։










