Հայաստանը ՀԱՊԿ-ին տեղեկացրել է «Անխորտակելի եղբայրություն-2020» զորավարժություններին չմասնակցելու մասին

15:21 • 06.10.20

Հայկական կողմը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) տեղեկացրել է, որ այս տարվա հոկտեմբերին նախատեսված «Անխորտակելի եղբայրություն-2020» զորավարժություններին չի մասնակցելու, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովի հայտարարությանը:

«Հայաստանը ՀԱՊԿ-ին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել Բելառուսի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 12-ից 16-ն անցկացվելիք «Անխորտակելի եղբայրություն-2020» խաղաղապահ զորավարժություններին»,- նշել է նա:

Հայտնի է, որ համատեղ զորավարժություններին մասնակցելուց Հայաստանը հրաժարվել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակման հետևանքով հակամարտության սրման հետ կապված: 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 230 զոհ։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։