«Իսկապես տխուր է, երբ Ադրբեջանի ընդդիմությունն արդարացնում է պատերազմը Լեռնային Ղարաբաղում». Եվրախորհրդարանի նախկին խորհրդական
Եվրախորհրդարանի նախկին քաղաքական խորհրդական Դիյոգո Պինտոն իր թվիթերյան էջում գրառում է կատարել՝ դատապարտելով ադրբեջանական ընդդիմադիր գործիչներին, որոնք աջակցում են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող պատերազմին:
Պինտոն նաև հիշեցրել է նրանց, որ իրենք նույնպես բռնության են ենթարկվում իրենց իսկ երկրում կամ ստիպված են լինում հեռանալ այնտեղից:
«Իսկապես տխուր է տեսնել, որ Ադրբեջանի ընդդիմադիր գործիչներն արդարացնում են պատերազմը Լեռնային Ղարաբաղում և քաղաքացիների ռմբոկոծությունը, քանի որ «այն պատկանում է Ադրբեջանին»: Կփորձեմ հիշել դա, երբ մյուս անգամ դուք ինքներդ ծեծի ենթարկվեք ոստիկանության կողմից Բաքվում բողոքի ցույց իրականացնելիս կամ երբ ստիպված լինեք հեռանալ երկրից»,- գրել է Պինտոն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 251 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։










