Չավուշօղլուն այսօր կմեկնի Ադրբեջան

10:47 • 06.10.20

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երեքշաբթի աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով թուրքական ԱԳՆ հայտարարությանը:

«Այցի ընթացքում նախարարը հանդիպում կունենա Իլհամ Ալիևի հետ»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում: 

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից հավելել են նաև, որ նախատեսվում է ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ «Լեռնային Ղարաբաղի իրավիճակի, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ կարծիքների փոխանակում իրականացնել»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3154 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 230 զոհ։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։