Ավստրալահայերը երկրի իշխանություններից պահանջում են հարձակումը՝ հարձակում, ագրեսորին՝ ագրեսոր կոչել. The Guardian

17:53 • 06.10.20

Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայում հարյուրավոր ավստրալահայեր Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են իրականացրել՝ կառավարությունից պահանջելով խոսել «բնիկ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղում Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև մեկ տասնամյակից ավել տևած հակամարտության սրման» մասին, գրում է The Guardian պարբերականը: 

Աղբյուրը հիշեցնում է, որ Ավստրալիայի արտգործնախարար Մերիս Փեյնը մտահոգություն է հայտնել այս առնչությամբ և բոլոր կողմերին կոչ արել գնալ հարցի խաղաղ և բանակցային եղանակով կարգավորման ճանապարհով: Սակայն նշվում է, որ ցուցարարները կառավարությանը միևնույն է մեղադրում են պասիվ դիտորդի դերում լինելու համար և պահանջում են «հարձակումը՝ հարձակում, ագրեսորին՝ ագրեսոր կոչել»:

Նշվում է, որ ավսրտալահայ ցուցարարները խոսել են հակամարտության՝ ևս մի ցեղասպանության վերածվելու մտահոգությունների մասին և կառավարությանը կոչ արել դատապարտել Ադրբեջանին ու Թուրքիային:  

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 251 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։