«Հայերն իմ եղբայրներն են, և ես պատասխանատու չեմ Էրդողանի գործողությունների համար». Անգլիայում և Ուելսում փաստաբանների միության անդամ Հուսեյն Գյոք

18:50 • 06.10.20

Անգլիայում և Ուելսում փաստաբանների միության անդամ Հուսեյն Գյոքը, որը թուրքական ծագում ունի, գրառում է կատարել թվիթերյան էջում՝ շեշտելով, որ պատասխանատու չէ Էրդողանի գործողությունների համար և կոչ անելով վերջինիս դադարեցնել միջամտությունը Արցախի հակամարտությանը:

«Հայերը Թուրքիայում ապրել են տասնամյակներով, Թուրքիան պետք է դադարի իր անմիջական ներգրավվածությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությանը: Հայերն իմ եղբայրներն են, և ես պատասխանատու չեմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործողությունների համար: Հայոց ցեղասպանությունն արժեքավոր բացահայտում էր»,- գրել է վերջինս:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 251 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։