Դիմում ենք Իրանին՝ Արցախի և ԻԻՀ-ի հարակից շրջաններ ներթափանցած ահաբեկիչներին հայտնաբերելու նպատակով համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու համար. Արցախի ԱԺ պատգամավոր (տեսանյութ)

18:26 • 06.10.20

Պետք է հստակ պատկերացնել, որ սա Ադրբեջան-Արցախ պատերազմ չէ, այլ Թուրքիա-Արցախ պատերազմ է և ոչ միայն պատերազմ է, այլ՝ ոճրագործություն Արցախի բնակչության դեմ, այժմ ոճրագործություն է կատարվում խաղաղ բնակչության դեմ, ռմբակոծում են խիտ բնակեցված քաղաքները, մասնավորապես, Ստեփանակերտը, և րոպեներ առաջ ականատես եղանք հրետակոծության, հրթիռակոծության, այն դեպքում, երբ քաղաքը բնակեցված է, այսօր լրագրողների ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Պատգամավորը խմբակցության անունից հայտարարություն արեց՝ դիմելով Իրանի Իսլամական Հանրապետությանը, ստեղծելու համատեղ աշխատանքային խումբ, Արցախի և Իրանի սահման ներթափանցած միջազգային ահաբեկիչներին հայտնաբերելու և չեզոքացումը համակարգելու համար, որոնք սպառնում են երկու պետությունների շահերին, տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղությանը և երկու պետությունների տարածքային ամբողջականությանը։

«Կոչ ենք անում Արցախի Հանրապետության ԱԺ-ի բոլոր խմբակցություններին միանալ այս հայտարարությանը: Այս կոչի ընդունումը կարևոր է, որպեսզի Արցախը մասնակցի տարածաշրջանային անվտանգության ձևավորմանը և սթափ պետությունների հետ պայքարի ահաբեկչությունների դեմ»,– ասաց նա: 

Պատգամավորը նշեց, որ երբ 2016-ին պատերազմ էր, Արցախի մայրաքաղաքում դա չէր զգացվում, իսկ այս անգամ պատերազմն սկսվեց Ստեփանակերտ քաղաքից:

Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ ժողովրդի մոտ խուճապ չկա նույնիսկ ապաստարաններում տարհանված բնակիչներն իրենց կենցաղն էին կառուցում այդ տարածքում, կատակում են, ռմբակոծության ժամանակ լռում են, բայց խուճապի չեն մատնվում։

«Շրջում ես ու հասկանում, որ ժողովրդին հաղթել հնարավոր չէ, ուղղակի թուրքը պետք է հասկանա և աշխարհը պետք է տեսնի, որ թուրքը այսօր եկել է և ուզում է շարունակել այն, ինչ չկարողացավ անել 2015 թվականին, այսինքն՝ ուզում է ցեղասպանություն գործել, բայց սա 21-րդ դարն է և այս դարում աշխարհը լռելու իրավունք ուղղակի չունի: Մենք բազմիցս կոչ ենք արել ճանաչել Արցախի Հանրապետությունը և վերջ դնել ահաբեկչությանը, որովհետև որևէ պետություն ապահովագրված չէ, որ թուրքը վաղը իր գլխին դա չի անելու, սա այլևս միայն Արցախի խնդիրը չէ»,– նշեց նա:

Պատգամավորն ընդգծեց, որ առաջնային վտանգ կա Իրանի Իսլամական Հանրապետության համար և որ սա միջազգային ահաբեկչություն է, բայց հիմա Արցախը միայնակ է պայքարում, որովհետև փոքր խմբերի և անհատ պատգամավորների քաղաքական կոչերը ահաբեկչությունը չեն կանգնեցնելու, պետք է աշխարհը ոտքի կանգնի:

Մետաքսե Հակոբյանը եզրափակեց խոսքը նշելով, որ Արցախը տարածք չէ միայն, այլ հայրենիք է, որն Աստված է տվել, և արցախցի երեխան իրավունք ունի այստեղ ապրելու: