Առավոտվա տվյալներով՝ ադրբեջանական ԶՈւ-երի կորուստները կազմում են 300 զոհ, 11 զրահատեխնիկա, 2 ուղղաթիռ, 2 ԱԹՍ. տվյալները չեն ներառում այսօր հակառակորդի կրած կորուստները. Հովհաննիսյան (տեսանյութ)
Այսօր վաղ առավոտից նորից սկսեցին Ստեփանակերտի հրթիռակոծությունները, շարունակում են հրթիռակոծել քաղաքը, բնակելի շինությունները, թաղամասերը, ենթակառուցվածքները, կան տուժածներ: Այս մասին հայկական միասնական տեղեկատվական հարթակում կազմակերպած ասուլիսին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով իրավիճակն առաջնագծում:
«Ցերեկվա ժամերին նորից թեժացան մարտերը, հատկապես՝ հարավային ուղղությամբ, հակառակորդը նորից լայնածավալ հարձակման փորձեր կատարեց Արաքս գետի երկայնքով՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, հետևակ, շարժական խմբեր,այս կազմի հետ գործում են նաև ոչ Ադրբեջանի ԶՈւ-երի ենթակայության տակ գործող զինծառայողներ:
Առավոտվա տվյալներով՝ ադրբեջանական ԶՈւ-երի կորուստները կազմում են 300 զոհ, 11 զրահատեխնիկա, երկու ուղղաթիռ և երկու ԱԹՍ: Այս տվյալները չեն ներառում այսօրվա մարտական գործողություններում իրենց կրած կորուստները, որը մենք կներկայացնենք վաղը: Այսուհետ կորուստները ներկայացնելու ենք առավոտից առավոտ»,- ասաց նա:
Նա նշեց, որ մարտերը կեսօրից հետո ինտենսիվացել են. «Պետք է ասեմ՝ մեր զորքերը չեն վարում միայն պաշտպանական մարտեր, հաճախ մենք իրականացնում ենք այլ տիպի զորաշարժեր, որոնց բնույթը և հաջողություններն ու արդյունքներն այդ պահին չենք արձանագրում, այլ արձանագրում ենք ավարտից հետո»:
Հարցին՝ Իրանի զգուշացումներից ի՞նչ հետևություն անել, քանի որ նրանք զգուշացրել են՝ եթե ռումբ ընկնի Իրանի տարածք, ավելի կոշտ քայլերի կդիմեն, ի՞նչ սպասել այս հայտարարությունից, Հովհաննիսյանն ասաց. «Մենք մի քանի անգամ տեսել ենք նման հայտարարություններ քաղաքական, այս դեպքում՝ նաև ռազմական գերատեսչության ղեկավարը հայտարարեց: Մենք տեսնում ենք, որ Իրանը դիմում է որոշակի այլ քայլերի և դրանք չեն սահմանափակվում միայն հայտարարություններով»:
Դիտարկմանը, թե համացանցում տեսանյութ է հրապարակվել, որ հակառակորդի ռազմական օբյեկտ ենք ոչնչացրել, և հարցի՝ կհաստատի՞ նա, Հովհաննիսյանը նշեց, որ այդպիսի օր չկա, որ մեր ԶՈւ-երը ադրբեջանական որևէ օբյեկտ շարքից չհանեն, ուղղակի միշտ չէ, որ այդ օբյեկտները ենթակա են լուսաբանման և միշտ չէ, որ ռազմավարական նշանակություն ունեն: «Պատերազմը լայնածավալ է, սաստիկ է, պատերազմում լինում են ծանր մարտեր, լինում են տարբեր բնույթի խուսանավումներ, հաջողություններ, մեկ տեղում՝ այսպես, մեկ տեղում՝ այնպես, եթե նպատակահարմար գտնենք լուսաբանել, կներկայացնենք»,- նշեց նա:










