ՌԴ–ի և Իրանի արտգործնախարարներն ընդգծել են, որ ԼՂ հակամարտությանը սիրիացի և լիբիացի գրոհայինների ներգրավումը վտանգավոր է

20:06 • 06.10.20

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել իրանցի պաշտոնակից Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության հարցն ու դրանում սիրիացի և լիբիացի գրոհայինների ներգրավման վտանգավորությունը:

«Արտահայտվել է Մոսկվայի և Թեհրանի լուրջ մտահոգությունը ղարաբաղյան հակամարտության գոտում աննախադեպ էսկալացիայի առնչությամբ: Ընդգծվել է Սիրիայում և Լիբիայում գործող անօրինական զորամիավորումների անդամ ծայրահեղական-գրոհայինների ներգրավման վտանգավորությունը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Այս առնչությամբ նախարարներն արձանագրել են դիվանագիտական կարգավորմանն այլընտրանք չլինելու հանգամանքը, որի համար սկիզբ պետք է դառնա հրադադարն՝ առանց նախապայմանների:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 251 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։