«Տխուր է տեսնել, թե ինչպես են ռումբերն ընկնում մայրաքաղաք Ստեփանակերտի վրա». իսպանացի գրողը վերհիշել է իր այցելությունն Արցախ

23:57 • 06.10.20

Կատալոնացի գրող և լրագրող Խավիեր Մորետ Ռոսը վերհիշել է տարիներ առաջ Արցախ կատարած իր այցելությունն ու ցավով ներկայացրել Ստեփանակերտի ներկա ռմբակոծությունը:

«Հիշում եմ, թե ինչ սիրալիրությամբ ինձ ընդունեց ժողովուրդը, երբ 2013 թվականի ապրիլին այցելեցի Լեռնային Ղարաբաղ, և թե ինչ մեծ ցանկություն ունեին, որ խաղաղությունը հարատև լինի: Սակայն պատերազմը, ցավոք սրտի, վերադարձավ: Տխուր է տեսնել, թե ինչպես են ռումբերն ընկնում մայրաքաղաք Ստեփանակերտի վրա՝ կործանելով տներն ու սպանելով հայերին, որոնք պայքարում են ապրելու համար»,- գրում է կատալոնացի լրագրողն ու հիշում Պարգև սրբազանի խոսքերը. «Իրականությունն այն է, որ չգիտենք՝ պատերազմն ավարտվել է, թե ոչ»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 251 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։