«Առավել ակտիվ քայլեր, քան ներկայում են արվում, դժվար է պատկերացնել»․ Պեսկովն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում ընթացող պատերազմին միջամտելու կոչին
Վլադիմիր Պուտինին զեկուցել են գործարար Ռուբեն Վարդանյանի ուղերձի մասին, որում նա Ռուսաստանին և անձամբ ՌԴ նախագահին կոչ էր արել միջամտել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող պատերազմին: РБК-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա ասել է, որ հասկանալի է նման դիմումների հուզական ֆոնը և ընդգծել է, որ Մոսկվայի բոլոր ջանքերն ուղղված են հրադադար հաստատելուն և կողմերի միջև բանակցությունների վերսկսմանը:
«Առավել ակտիվ քայլեր, քան ներկայում են արվում, դժվար է պատկերացնել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի ակտիվության հնարավոր ուժեղացման մասին հարցին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 251 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։










