«Պետք է գործել, քանի դեռ այս մարդասիրական աղետը հայերի նոր ցեղասպանության չի վերածվել». Սերգեյ Սմբատյանը դիմել է միջազգային հանրությանը

12:12 • 06.10.20

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր ֆեյսբուքյան էջում հետևորդներին պատմել է Ադրբեջանի հարձակման, դրան Թուրքիայի աջակցության և հակամարտությանը Սիրիայից վարձկանների ներգրավման մասին: 

Սմբատյանը նշել է, որ կցանկանար պատմել այն մասին, թե ինչու և ինչ է տեղի ունենում Հայաստանում և Արցախում, սակայն ավելի ճիշտ է գտնում խոսել Ադրբեջանի ցուցաբերած բռնության, քաղաքացիական բնակչության նկատմամբ դրսևորած դաժանության, գյուղերի, քաղաքների, դպրոցների  և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների հրետակոծության մասին: 

«Արցախի դեմ Ադրբեջանի սկսած լայնամասշտաբ պատերազմը ստանում է Թուրքիայի լիակատար աջակցությունը. վերջինս Սիրիայից նախապես հավաքագրման միջոցով իսլամիստ ապստամբների և այլ ահաբեկչական խմբավորումների է տեղափոխել հակամարտության գոտի: Միջազգայնորեն արգելված կասետային զինամթերքի օգտագործումը և դրանով ոչ պատերազմական բնակավայրերը թիրախավորելը դադարեցնելու կոչերին և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան վերևից են նայում, քանի որ խոսքերը նրանց համար այլևս ոչ մի նշանակություն չունեն: Ահաբեկչությունը բառերի լեզվով չի խոսում»,- գրել է նա և միջազգային հանրությանը, կազմակերպություններին, կառավարություններին, խորհրդարաններին, միջազգային լրատվական գործակալություններին կոչ արել խոսել այս փոքր երկրում ինքնաճանաչման և ապրելու իրենց իրավունքի համար պայքարող ժողովրդի նկատմամբ ահաբեկչության և բռնության կասեցման մասին: 

«Հիմա գործելու և բոլոր հանցագործությունները դադարեցնելու ժամանակն է, քանի դեռ այս մարդասիրական աղետը հայերի նոր ցեղասպանության չի վերածվել»,- եզրափակել է նա: 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 230 զոհ։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։