«ԼՂ հակամարտության նոր սրացման գլխավոր հրահրողն ու նախաձեռնողը Էրդողանն է». Ասադ

11:22 • 06.10.20

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության նոր սրացման գլխավոր նախաձեռնողը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: 

«Լիբիայում նա ահաբեկիչներին է աջակցում, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջերս սկսված հակամարտության գլխավոր հրահրողն ու նախաձեռնողն էլ հենց նա է եղել»,- հայտարարել է Ասադը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 230 զոհ։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։