Սիրիական պատերազմը հասել է Անդրկովկաս. Ռուսաստանը Թուրքիայից դժգոհելու նոր պատճառ ունի. «Կոմերսանտ»
Սիրիան դարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մի մասը: Եվ ոչ միայն Սիրիայից վարձկանների պատճառով, որոնց, տարբեր աղբյուրների համաձայն, այնտեղ է բերում Անկարան: Սիրիական ընդդիմությունն Իդլիբում մարտական պատրաստվածության է բերել իր ուժերը՝ անհանգստանալով, որ Անդրկովկասում ահաբեկչության օջախի առաջացման սպառնալիքի պատճառով Ռուսաստանը կարող է ռազմական գործողություններ սկսել Իդլիբում, գրում է «Կոմերսանտ» պարբերականը:
Սիրիական Իլդիբ են բերվել Ադրբեջանում զոհված տասնյակ վարձկանների մարմիններ, հայտնում են արաբական ԶԼՄ-ները: Սպանվածների մասին տեղեկությունները հակասական են: Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնի տվյալների համաձայն՝ ԼՂ-ում ռազմական գործողությունները սկսելուց ի վեր սպանվել է ավելի քան 70 սիրիացի, որոնք կռվել են Ադրբեջանի կողմից: ՌԻԱ Նովոստի պարբերականի աղբյուրը հայտնել է ավելի քան 90 սպանվածի մասին:
Միևնույն ժամանակ արաբական ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվում Իդլիբում և Հալեպի շրջանում սիրիական ընդդիմադիր խմբավորումները բարձր մարտական պատրաստվածության բերելու մասին: Նրանք, իբրև թե, թուրքական ռազմական հետախուզությունից տեղեկություն են ստացել, որ Ռուսաստանը մտադիր է ռազմական գործողություններ սկսել այդ շրջաններից մեկում: Լուրերի հերթական ալիքն է տարածվել նաև Իդլիբի ուղղությամբ սիրիական բանակի հարձակվողական գործողության մասին:
«Ռուսաստանի և Թուրքիայի միջև շարունակվում են լուրջ տարաձայնություններ մնալ Իդլիբի վերաբերյալ: Մոսկվան սպասում է Անկարայից, որ վերջինս կկատարի ահաբեկիչների սահմանազատման և չափավոր ընդդիմության վերաբերյալ այս տարվա մարտ ամսին ստանձնած պարտավորությունները»,-եզրափակում է աղբյուրը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 230 զոհ։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն:










