Շփման գծի երկայնքով շարունակվող ռազմական գործողությունների ընթացքում 40 քաղաքացիական անձ է զոհվել․ ՄԱԿ

04:17 • 06.10.20

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում ծավալվող ռազմական գործողությունների ընթացքում 40 քաղաքացիական անձ է զոհվել․ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Հումանիտար հարցերով ՄԱԿ-ի վարչությունն այսօր հայտարարել է Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկյանքով շարունակվող բախումների առնչությամբ ծայրահեղ մտահոգության մասին: Այնտեղ կոչ են արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները»,- ասել է Դյուժարիկը:

«Բախումների սկզբից ի վեր մինչ այս պահը, հաղորդվող տվյալների համաձայն, երկու կողմից ավելի քան 40 խաղաղ բնակիչ է զոհվել, ավելի քան 200 քաղաքացիական անձինք վիրավորվել են»,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնել էր, որ Արցախում զոհվել է 19 քաղաքացիական անձ։ Զոհեր էին գրանցվել նաև հայ-ադրբեջանական սահմանին։ Հայաստանում՝ Վարդենիսի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի թիրախավորման հետևանքով 2 քաղաքացիական անձ էր սպանվել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3154 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 230 զոհ։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։