Կառավարության լիազորությունների շարքում կներառվի նաև հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը

11:25 • 07.10.20

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջովին (միաձայն՝ 87 կողմ ձայնով) ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նախագիծը ներկայացրեց և նշեց, որ նախագծով առաջարկվում է պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունների շարքում ներառել նաև հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը: Ներկայումս գործում է հանրապետության նախագահի հրամանագրով հաստատված համապատասխան պլանը:

Այս նախագծով հնարավորություն կընձեռվի Կառավարության որոշմամբ հաստատել հանրապետության տնտեսության զորահավաքային նոր պլան, ինչն առավել արդիական է՝ ներկայումս Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների և ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում:

Գաբրիել Բալայանը տեղեկացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցմամբ ստացել են «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Գևորգ Գորգիսյանի առաջարկը, ինչն ընդունելի է եղել: Նա նաև հայտնեց, որ Պաշտպանության նախարարության թեժ գծի համարներն են 1 28, 85 01 և 85 03։