Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն ամուր հիմքեր կերաշխավորի բանակցությունների միջոցով հակամարտությունը կարգավորելու համար. ԱՀ ԱԳՆ

04:51 • 07.10.20

Արցախի Հանրապետության արգործնախարարությունը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերը`ուղղված Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը, որոնք սպառնում են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը:

«Այս կապակցությամբ հարկ է նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հայտարարությունը, որտեղ վճռականորեն դատապարտվում է հակամարտության գոտում բռնության աննախադեպ և վտանգավոր սրացումը:

Վերստին ընդգծում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կենտրոնական դերը՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող միակ համաձայնեցված ձևաչափ: Միաժամանակ, հերթական անգամ հաստատուն կերպով հայտարարում ենք Արցախի Հանրապետության սկզբունքային դիրքորոշումը` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում միջազգային միջնորդական ջանքերում ցանկացած ձևով Թուրքիայի մասնակցության անթույլատրելիության վերաբերյալ:

Արցախի Հանրապետության դեմ զինված ագրեսիայի հրամանատարությունն իրականացնող և ղեկավարող, պատերազմ վարելու նպատակով Ադրբեջանին զենք մատակարարող և ռազմական գործողություններին մասնակցելու համար Մերձավոր Արևելքից ահաբեկչական կազմակերպությունների զինյալներ հավաքագրող Թուրքիայի հանցավոր գործողություններն անհնար են դարձնում նրա հետագա անդամակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին:

Արցախի Հանրապետությունը բազմիցս նշել է, որ միջնորդական ջանքերի արդյունավետությունն ուղղակիորեն կախված է կարգավորման գործընթացի անշրջելիությունն ապահովելու և ռազմական գործողությունների վերսկսման կանխարգելմանն ուղղված արդյունավետ մեխանիզմներ ներդնելու ունակությունից: Վերջին չորս տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ երկու լայնամասշտաբ զինված հարձակումներն ակնառու կերպով ցույց են տալիս, որ միջնորդների նախկին մշակումներն անզոր էին Ադրբեջանի կողմից ոչ միայն իր միջազգային պարտավորությունների, այլև միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն ոտնահարումների դեմ, և զրոյացվեցին Բաքվի միջազգային հակաիրավական արարքներով:

Ստեղծված պայմաններում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման ամենաարդյունավետ միջոցն է, որն ամուր հիմքեր կերաշխավորի բանակցությունների միջոցով հակամարտությունը կարգավորելու համար»,- ասված է Արցախի ԱԳՆ հայտարարությունում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 251 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։