Հաղթանակից հետո հոգսերն էլ են շատ լինելու՝ ավերակները պետք է արագ վերականգնենք. Վահրամ Պողոսյան

05:12 • 07.10.20

Հաղթանակից հետո հոգսերն էլ են շատ լինելու՝ ավերակները պետք է արագ վերականգնենք, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ անդրադառնալով պատերազմական գործողությունների հետևանքները վերացնելու նպատակով «Հայաստան համահայկական հիմնադրամի» հաշվեհամարին արդեն ավելի քան 70 միլիոն դոլար փոխանցված լինելուն:

«Անկեղծ եմ ասում՝ բոլորին շատ շնորհակալ ենք։ Թող ոչ ոք չվիրավորվի իմ խոսքից, քանի որ Արցախը հավասարապես բոլորիս հայրենիքն է։ Բայց հաղթանակից հետո հոգսերն էլ են շատ լինելու։ Ավերակները պետք է արագ վերականգնենք։ Հաղթանակից հետո մենք բոլորովին նոր ու շեն Արցախ պիտի ունենանք»,- գրել է Պողոսյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 251 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։