ՀԱԵ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդը դիմել է Թրամփին՝ կոչ անելով միջամտել Ադրբեջանի ագրեսիային և Թուրքիայի ներգրավվածությանը Արցախի և Հայաստանի դեմ հարձակմանը

05:36 • 07.10.20

Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը պաշտոնական նամակով դիմել է Միացյալ Նահանագների նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով նրան անմիջապես միջամտել Ադրբեջանի ագրեսիային և Թուրքիայի ներգրավվածությանը Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության նկատմամբ։

Ադրբեջանի և Թուրքիայի սանձարձակությունը վտանգավոր է ոչ միայն Հայ բնակչության համար, այլև մեծ սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար։ Սրբազան հայրը նշել է, որ զարգացող ողբալի իրադարձությունների նկատմամբ անտարբեր մնալը հանցավոր է և անթույլատրելի։

Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը նամակներ է ուղարկել նաև Լոս Անջելեսում Իսրայելի գլխավոր հյուպատոս Հելել Նյումանին և հրեական կազմակերպությունների ղեկավարներին՝ իր հիասթափությունը հայտնելով Ադրբեջանին Իսրայելի ռազմական աջակցության առումով։

Հովնան արք. Տերտերյանն իր նամակի մեջ, ի մասնավորի, նշել է, որ հայ ժողովուրդը թե՛ Հայրենիքում և թե՛ Սփյուռքում ակնկալում է, որ Իսրայելի կառավարությունը անմիջական քայլեր կձեռնարկի՝ դադարեցնելու համար զենքի վաճառքը հանցավոր պետություններին, ուշադրություն է հրավիրվել այն փաստին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս հավակնություն է հայտնել Երուսաղեմ մայրաքաղաքի նկատմամբ, ու եթե նա դրա համարժեք պատասխանը չստանա, նրա ախորժակն էլ ավելի է գռգռվելու:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 251 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։