«ԼՂ հակամարտության շուրջ Հայաստանին Ադրբեջանի ներկայացրած պահանջները դժվար իրագործելի են». Բորելի ելույթը Եվրախորհրդարանում
ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում բանակցությունների վերսկսման համար Հայաստանին Ադրբեջանի ներկայացրած պահանջները դժվար իրագործելի են:
«Ինձ նաև Ադրբեջանի արտգործնախարարի հետ զրույցի ընթացքում ասվածն է շատ անհանգստացնում: Նա նշել է, որ մարտերը շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը Ղարաբաղից դուրս գալու կոնկրետ ժամանակացույցին չի համաձայնել: Բանակցությունների վերսկսման համար այս պայմանը շատ բարդ է, և իրավիճակն ամեն օր վատթարանում է»,- նշել է Բորելը:
Նա նաև հավելել է, որ չափազանց անհանգստացած է նրանով, որ «Թուրքիան լիարժեք աջակցում է Բաքվին»:
Նշենք, որ Եվրախորհրդարանը հոկտեմբերի 7-ի լիագումար նիստի շրջանակներում քննարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերսկսված ռազմական բախումների հարցը:
Ինչպես նշվում է Եվրախորհրդարանի կայքում, օրակարգում է «ռազմական բախումների վերսկսումը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 7-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 291 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։










