ԵՄ-ն հանդես է գալիս հօգուտ ԼՂ հարցի շուրջ առանց նախապայմանների բանակցությունների վերսկսման. Բորել

12:21 • 07.10.20

ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրոպական Միությունը հանդես է գալիս հօգուտ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ առանց նախապայմանների բանակցությունների վերսկսման, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

«Խոսքը 1993-1994 թվականներից ի վեր տեղի ունեցող ամենախոշոր բախումների մասին է: Վերջին օրերին այս ուղղությամբ ակտիվ գործունեություն ենք ծավալում, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ շփվելու հնարավորություն եմ ունեցել, կոչ եմ արել նրանց դադարեցնել ռազմական գործողությունները և բանակցային սեղանի շուրջ վերադառնալ: Մեր դիրքորոշումը հստակ է. կարծում ենք, որ կողմերը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո առանց որևէ նախապայմանների պետք է վերսկսեն բանակցային գործընթացը»,- նշել է Բորելը և հավելել, որ հակամարտությանը ռազմական ճանապարհով լուծում չի կարող լինել: 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 7-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 291 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։